Ո՞վ է Ջոն Թերնուսը՝ Apple-ի նոր գործադիր տնօրենը
Թիմ Քուքը 15 տարի անց կհանձնի Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը Ջոն Թերնուսին՝ ընկերության սարքավորումների ճարտարագգիտության ավագ փոխնախագահին։ Սեպտեմբերի 1-ից Թերնուսը կղեկավարի աշխարհի ամենաթանկարժեք ընկերություններից մեկը, թեեւ լայն հանրությանը նա մինչ այժմ գրեթե անհայտ էր։
Քանի՞ տարի է Ջոն Թերնուսն աշխատում Apple-ում
Թերնուսը Apple-ում աշխատում է արդեն մոտ կյանքի կեսը՝ այժմ լինելով 51 տարեկան, նա ընկերությունում է 25 տարի։
Նա միացել է Apple-ի արտադրանքի դիզայնի թիմին 2001 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո իր երկրորդ աշխատանքով (առաջինը եղել է վիրտուալ իրականության սարքեր արտադրող Virtual Research Systems փոքր ընկերությունում)։ 2013-ին դարձել է սարքավորումների ճարտարագիտության փոխնախագահ, իսկ 2021-ին՝ ավագ փոխնախագահ։
Թերնուսը, որը Քուքից 15 տարով փոքր է, համարվում էր հնարավոր իրավահաջորդներից ամենաերիտասարդներից մեկը, ինչը ցույց է տալիս, որ Apple-ը, հավանաբար, փնտրում է երկարաժամկետ ղեկավար։
Թերնուսը հաշվետու է Քուքին, ում համարում է մենտոր եւ ղեկավարում է Apple-ի ամբողջ սարքավորումների ճարտարագիտությունը՝ կարեւոր դեր ունենալով այնպիսի ապրանքների ստեղծման մեջ, ինչպիսիք են iPhone-ը եւ MacBook-ը։
Ի՞նչ նախագծերի վրա է աշխատել Թերնուսը
Նրա առաջին նախագծերից մեկը կապված էր Apple Cinema Display մոնիտորի մասերի ստուգման հետ։ Իր խոսքերով՝ երբեմն նույնիսկ մանրադիտակով հաշվել է պտուտակների ակոսները՝ համոզվելու, որ դրանք համապատասխանում են ստանդարտներին։
Ավելի ուշ նա ղեկավարել է Apple-ի մի շարք կարեւոր սարքերի մշակումը, ներառյալ AirPods-ը, Apple Watch-ը եւ Vision Pro-ն։ Նա նաեւ մասնակցել է ընկերության կարեւոր տեխնոլոգիական անցմանը՝ Intel պրոցեսորներից դեպի սեփական չիպեր։
Վերջին շրջանում Թերնուսը ներգրավված է եղել MacBook Neo-ի ստեղծման մեջ՝ ավելի մատչելի նոթբուքի, որն օգտագործում է iPhone-ի պրոցեսոր՝ ծախսերը նվազեցնելու համար։
Նա ընդգծել է, որ Apple-ի նպատակն է երբեք «անորակ» ապրանք չթողարկել, այլ ստեղծել բարձրորակ արտադրանք՝ նույնիսկ եթե դրա համար անհրաժեշտ է ամբողջովին նոր մոտեցում։
Ի՞նչ է սպասվում որպես գործադիր տնօրեն
Գլխավոր տնօրենի պաշտոնում Թերնուսը պետք է առաջնորդի Apple-ը՝ հաղթահարելու AI ոլորտում մրցակցությունը եւ որոշելու Vision Pro-ի տեխնոլոգիայի հետագա զարգացումը։